ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կխստացվեն, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ պատրաստ են աշխատել Թրամփի և Զելենսկիի հետ՝ Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ հանդիպման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությամբ ԵՄ առաջնորդները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու և երկարատև խաղաղության հասնելու հարցում:
«Մենք նաև պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու հետ՝ եվրոպական աջակցությամբ եռակողմ հանդիպման ուղղությամբ»,–նշել են առաջնորդները:Նրանք շեշտել են՝ Ուկրաինայի զինված ուժերի կամ երրորդ երկրների հետ նրա համագործակցության վրա որևէ սահմանափակում չպետք է դրվի։ «Ուկրաինան է որոշում կայացնելու իր տարածքում։ Միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժի կիրառմամբ։ Մեր աջակցությունը Ուկրաինային կշարունակվի։ Մենք վճռական ենք անել ավելին՝ Ուկրաինան ուժեղ դարձնելու համար, որպեսզի հասնենք ռազմական գործողությունների դադարեցմանը և արդար ու տևական խաղաղության:
Քանի դեռ Ուկրաինայում սպանությունները շարունակվում են, մենք պատրաստ ենք պահպանել Ռուսաստանի վրա ճնշումը»,–ընդգծել են նրանք:ԵՄ երկրների առաջնորդները հավելել են, որ կխստացնեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, քանի դեռ տևական խաղաղություն չի հաստատվել:
Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել էր, որ բաց է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ հնարավոր եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար:
—00—ՄԱ