Անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Մակրոն

16/08/2025 16:08 Միջազգային

Այսօր առավոտյան նախագահ Թրամփի, նախագահ Զելենսկու և իմ եվրոպացի գործընկերների հետ համակարգող հանդիպում տեղի ունեցավ՝ նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումից հետո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմաունել Մակրոնը։

«Այդ հանդիպումից հետո մենք շարունակեցինք մեր քննարկումները իմ եվրոպացի գործընկերների հետ։ Մենք միակարծիք ենք.

▪️ Անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ նրա ագրեսիվ պատերազմը շարունակվում է, և Ուկրաինայի իրավունքները հարգող ամուր և երկարատև խաղաղությունը չի կնքվել։

▪️ Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անսասան անվտանգության երաշխիքներով։ Այս առումով ես ողջունում եմ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալու այդ գործընթացում։ Կարևոր է նաև սովորել վերջին 30 տարիների բոլոր դասերը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից իր սեփական պարտավորությունները չկատարելու վաղեմի հակումը։

Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու հետ՝ ապահովելու համար, որ մեր շահերը պաշտպանված լինեն միասնության և պատասխանատվության ոգով։

Ֆրանսիան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինային»,- նշել է նա։