Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» փոխարինվել է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության նվազեցմանը և կայունության ստեղծմանը։ Այս մասին հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին։
«Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-գրել է Մոհաջերանին։
Նա ընդգծել է Թեհրանի երեք անսասան սկզբունքները՝ երկրների լիակատար ինքնիշխանության պահպանումը իրենց տարածքների նկատմամբ, բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը և միջազգային սահմանների ցանկացած փոփոխության նկատմամբ վճռական դիմադրությունը՝ հավելելով, որ Բաքվի և Երևանի վերջին համատեղ հայտարարության մեջ հաշվի են առնվել այդ սկզբունքները։
Մոհաջերանին ընդգծել է, որ առանցքային փոփոխություններից մեկը «Զանգեզուրի միջանցքի» վիճահարույց ծրագրի չեղարկումն էր։
«Կողմերի կարծիքով՝ «միջանցքի» հարցը հանվել է օրակարգից և փոխարինվել տարանցիկ ճանապարհով՝ Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո»,-հայտնել է նա՝ այդ փոփոխությունն անվանելով «դրական և ողջամիտ», քանի որ այն միաժամանակ երաշխավորում է ինքնիշխանությունը և թույլ է տալիս տնտեսական համագործակցություն իրականացնել:
—00—ՄԱ