«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ մտադիր չէ զինաթափվել

15/08/2025 16:42 Միջազգային

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասեմը հայտարարել է, որ շարժումը մտադիր չէ հրաժարվել իր ռազմական զինանոցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում Al Jazeera-ն։

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ շարժման ցանկացած թիրախավորում կհանգեցնի քաոսի և ներքին անկարգությունների։Ինչ վերաբերում է մերժման պատճառներին, Կասեմը հեռուստատեսային ելույթում պարզաբանել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։Նա քննադատել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու ծրագրերը՝ մեղադրելով կառավարությանն «ամերիկյան և իսրայելական հրահանգներին» ենթարկվելու մեջ։

Նայիմ Կասեմը կոչ է արել «չհանձնել երկիրը թշնամի Իսրայելին և կենտրոնանալ Լիբանանի տարածքներում իսրայելական օկուպացիայի դադարեցման վրա՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու փոխարեն»։

Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հաստատել էր պետության կողմից զենքի վերահսկման որոշումը և հանձնարարել բանակին մշակել դրան առնչվող ծրագիր և իրականացնել այն մինչև 2025 թվականի վերջը: «Հեզբոլլահ»-ը քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ որոշումը «լիովին համապատասխանում է Իսրայելի շահերին» և կայացվել է «Միացյալ Նահանգների հրահանգով»։Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։

Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 238 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ին վերածվել էր լայնածավալ պատերազմի։

Պատերազմի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000, վիրավորվել՝ մոտ 17 000 մարդ։ Բացի այդ, մոտ 1,4 միլիոն մարդ տեղահանվել էր։

—00—ՄԱ