Ալիևը AZAL-ի ինքնաթիռի կործանումը միտումնավոր հարձակում չի համարում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Ադրբեջանը 2024 թ. դեկտեմբերին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանումը չի համարում միտումնավոր հարձակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News-ի հետ զրույցում։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Բաքուն պահանջում է մեղքի պաշտոնական ընդունում, մեղավորների պատժում և լիարժեք փոխհատուցում։Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում 2024 թ. դեկտեմբերի 25-ին։ Աղետի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 67 անձանցից 38-ը։
Ալիևը հայտարարել է, որ Գրոզնի քաղաքի մոտակայքում ինքնաթիռը վնասվել է արտաքին հարվածից, ինչը հանգեցրել է վերահսկողության կորստի։ Հուլիսին նա ասել է, որ Ադրբեջանը պատրաստում է վթարի հետ կապված փաստաթղթեր՝ Ռուսաստանի դեմ միջազգային դատարաններ հայց ներկայացնելու համար։ «Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում մառախուղի պատճառով, ինչպես նաև «Գորգ» պլանի պատճառով, որը ներդրվել էր ուկրաինական հարվածների ֆոնին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վթարի պահին Չեչնիայում հետ էր մղվում անօդաչու թռչող սարքերի հարձակումը, և աշխատում էր ՀՕՊ համակարգը։
Վայրէջքի երկու փորձից հետո օդաչուն որոշել էր թռչել Ղազախստան։ Ինքնաթիռը կործանվել էր Ակտաուի օդանավակայանից ոչ հեռու։
—00—ՄԱ