Ըստ Reuters-ի՝ Իրանի հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

14/08/2025 18:39 Միջազգային

Ըստ Reuters-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ–ի հետ:

«Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ Reuters–ի ներքին աղբյուրները հայտնել են, որ Իրանի քաղաքական վերնախավը այժմ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դիտարկում է որպես հետագա սրացումից խուսափելու միակ միջոց։

Reuters-ը նկատել է՝ իրանական միջուկային և ռազմական թիրախների վրա հարվածները, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների և միջուկային գիտնականների սպանությունները, ցնցեցին Թեհրանը՝ սկսվելով Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների 6–րդ փուլից ընդամենը մեկ օր առաջ։

Քաղաքական շրջանակներից աղբյուրը, որը խնդրել է անանուն մնալ, Reuters–ին ասել է, որ ղեկավարությունն այժմ հակված է բանակցություններին, քանի որ նրանք տեսել են ռազմական բախման գինը։

«Վերջնական խոսքը գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիինն է: Ներքին աղբյուրները հայտնում են, որ նա և հոգևոր իշխանության համակարգը համաձայնության են եկել միջուկային բանակցությունները վերսկսելու հարցում՝ դրանք Իրանի Իսլամական Հանրապետության գոյատևման համար համարելով կենսական նշանակության»,–գրել է Reuters–ը:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել լրատվամիջոցի՝ այս թեմայով մեկնաբանության խնդրանքներին։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1227261

–00—ԱՊ