Եվրոպայում պայքարում են անտառային հրդեհների դեմ՝ աննախադեպ ջերմային ալիքի ֆոնին

13/08/2025 15:40 Միջազգային

Եվրոպական տարբեր երկրներում բարձր ջերմաստիճանի պատճառով անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնք մի քանի զոհի և բազմաթիվ մարդկանց տարհանումների պատճառ են դարձել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Հունաստանում բռնկվել է ավելի քան 152 նոր հրդեհ։ Շուրջ 4850 հրշեջ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին։

Հազարավոր մարդիկ տարհանվել են հունական Խիոս և Զաքինթոս զբոսաշրջային կղզիներից։Իսպանիայում, Ալբանիայում և Թուրքիայում մահացել է առնվազն երեք մարդ, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ հրշեջներ, տեղափոխվել են հիվանդանոցներ՝ ծխահարվելու և այրվածքների պատճառով։Իսպանիայի հյուսիսարևմտյան Լեոնի նահանգում գիշերը տարհանվել է ավելի քան 4000 մարդ։ Նույն տարածքում մահացել է կամավոր հրշեջ։

Իսպանիայի կառավարությունը բարձրացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման մակարդակը։Շոգի մասին նախազգուշացումները շարունակվում են Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և Բալկաններում, որտեղ որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է գերազանցել 40°C-ը:

Սլովենիայում գրանցվել է երկրի պատմության մեջ ամենատաք գիշերը. Նավահանգիստներից մեկում ջերմաստիճանը չի իջել 28°C-ից:Ֆրանսիայի առողջապահության նախարար Կատրին Վոտրենը հայտարարել է, որ հիվանդանոցները պատրաստվում են մի քանի շաբաթվա ընթացքում վրա հասած արդեն երկրորդ շոգի ալիքի հետևանքներին:

Չեռնոգորիայում մեկ զինվոր մահացել է, իսկ մեկ ուրիշը՝ ծանր վիրավորվել, երբ նրանց ջրցան մեքենան շրջվել է մայրաքաղաք Պոդգորիցայից հյուսիս գտնվող բլուրներում բռնկված կրակի դեմ պայքարելիս։Պորտուգալիայում հրշեջները պայքարել են երեք խոշոր անտառային հրդեհի դեմ, որոնցից մեկը մոլեգնում էր երկրի կենտրոնական Տրանկոսոյի շրջանում։

Թուրքիան վերահսկողության տակ է վերցրել մի քանի խոշոր հրդեհներ, այդ թվում՝ Չանաքալեում և Իզմիրում. հարյուրավոր մարդիկ տարհանվել են, իսկ Դարդանելի նեղուցը և Չանաքալեի օդանավակայանը՝ փակվել։Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներ տառապում են տապից, ջերմաստիճանը հասնում է 33°C-ի։ Անգլիայում հայտարարվել են շոգի վտանգի մասին նարնջագույն և դեղին նախազգուշացումներ։

—00—ՄԱ