ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի հարցում առաջընթաց չկա

10/08/2025 15:38 Միջազգային

Կատարը և Եգիպտոսը շարունակում են միջնորդական ջանքեր գործադրել Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու համար, սակայն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դեռևս որևէ արդյունքի մասին տեղեկատվություն չի ստացել, «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Ուսամա Համդանը։

Խոսելով Գազայի հատվածում հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի կնքման հնարավորության մասին՝ նա մանրամասնել է, որ ՀԱՄԱՍ-ը մեկ տարուց ավելի առաջ ներկայացրել է առաջարկ, որը ենթադրում էր Իսրայելի ագրեսիայի դադարեցում, իսրայելական զորքերի լիակատար դուրսբերում, Գազայի սահմանին բոլոր անցակետերի բացում, Գազայի վերականգնում և պատանդների փոխանակում պաղեստինցի գերիների հետ։

Համդանի խոսքով, Իսրայելը մերժել է դա՝ առաջարկելով փուլային համաձայնագիր, որը հետագայում խախտել է։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը վստահեցրել է, որ շարժումը դրականորեն կընդունի Գազայի հատվածում համապարփակ կարգավորման առաջարկը, եթե այն պարունակի նշված պայմանները։

–00—ՅՄ