Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշումը

07/08/2025 19:10 Միջազգային

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է այն լուրերը, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով բանակցությունները վերսկսելու վայրի և ժամանակի շուրջ։

«Վերջին երեք-չորս շաբաթների ընթացքում բազմիցս հրապարակվել են կեղծ լուրեր, և դրանց կեղծ լինելը միշտ ապացուցվել է։ Այս պատմություններից մի քանիսը սադրիչ են», – ասել է նա։

Բաղայիի խոսքով, երկու երկրների միջև հաղորդագրությունների փոխանակման գործընթացը շարունակվում է։ «Միշտ էլ եղել է դիվանագիտության հստակ տարբերակ՝ երկու երկրների շահերը պաշտպանող առաքելությունների միջոցով (Շվեյցարիայի դեսպանատունը Թեհրանում և Պակիստանի դեսպանատունը Վաշինգտոնում)», – նշել է իրանցի դիվանագետը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային դոսիեի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացված բանակցությունների հինգ փուլերը 2025 թվականին ավարտվեցին անարդյունք՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողության սկսման և ամերիկյան զինված ուժերի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների պատճառով։ Միաժամանակ, Թեհրանի հետ բանակցություններ վարեցին «եվրոպական եռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչները, որոնք չկարողացան միջնորդի դեր խաղալ նոր համաձայնագրի կնքման գործում։

–00—ՅՄ