Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

06/08/2025 13:34 Սպորտ

Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը:

Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:

Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է.

«Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ»:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Եղիշե Մելիքյանի նշանակմանը, նշել է.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’ տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ:

Լիահույս ենք, որ ՀՖՖ աշխատակազմի և Եղիշե Մելիքյանի համագործակցության և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա հասնել լավ արդյունքների: Կարծում եմ, որ համախմբման և միասնականության շնորհիվ մենք կկարողանանք քայլ առաջ կատարել»։

–00—ՅՄ