Գազայում 2023 թ. ի վեր իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 61․000-ը

05/08/2025 16:53 Միջազգային

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 61 000-ը, տուժել է ավելի քան 150 000 մարդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 60 000-ը։Գերատեսչության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 87 մարդ, վիրավորվել՝ 644-ը։«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 61 020-ի, տուժել է 150 671 մարդ», – ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Ըստ նախարարության տվյալների՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց ամենօրյա գնդակոծությունները, Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 9500 մարդ, տուժել՝ ավելի քան 38 600-ը։Իր հերթին, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչը Telegram-ում հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր պաղեստինյան տարածքներում զոհվել է լրատվամիջոցների ավելի քան 230 աշխատակից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում շուրջ 1200 մարդ է զոհվել, 250-ը՝ գերեվարվել։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանական ուժերը սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Գազայի հատվածին և շրջափակելով պաղեստինյան անկլավը։Հուլիսի վերջին ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչել իրենց պատվիրակությունները Դոհայից, որտեղ ընթանում էր Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

—00—ՄԱ