Կանադան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինը․ Մարկ Քարնի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերյան նստաշրջանում Պաղեստինի պետությունը ճանաչելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
«Կանադան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին», – ասել է Քարնին հրավիրված նախարարական հանդիպման ընթացքում։Նշվում է, որ Պաղեստինի ճանաչումը թելադրված է Պաղեստինի ազգային ինքնավարության կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հանձնառությամբ, այդ թվում՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի՝ «կառավարման համակարգը հիմնարար կերպով բարեփոխելու, 2026 թվականին ընդհանուր ընտրություններ անցկացնելու, որոնց ՀԱՄԱՍ-ը չի կարողանա մասնակցել, և Պաղեստինի պետությունը ապառազմականացնելու պարտավորությամբ»։Բացի այդ, Քարնին կրկին կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով վերցված պատանդներին, ինչպես նաև ընդգծել է, որ շարժումը «չպետք է որևէ դեր խաղա Պաղեստինի ապագա կառավարման գործում»։
Խոսելով Գազայում իրավիճակի մասին՝ նա ընդգծել է, որ «մարդասիրական տառապանքի մակարդակը անտանելի է»:
—00—ՄԱ