Թուրքիան պնդում է, որ ՌԴ-ի նկատմամբ սահմանափակումները չեն նպաստի Ուկրաինայի հակամարտության ավարտին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումները չեն նպաստի Ուկրաինայի հակամարտության ավարտին, Ժնևում լրագրողներին ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։
Նրա խոսքով, շրջափակումներն ու էմբարգոները երբեք արդյունք չեն տալիս և հաջողություն չեն բերում։ «Ռուսաստանի դեմ ուղղված այս շրջափակումը նույնպես վճռորոշ նշանակություն չի ունենա», – կարծում է քաղաքական գործիչը։ Նա դա կապել է այն փաստի հետ, որ Ռուսաստանի Դաշնության դեմ նախկինում կիրառված պատժամիջոցները չեն ազդել նրա գործողությունների վրա։ Ընդհակառակը, Մոսկվան շարունակել է քայլեր ձեռնարկել անվտանգության ոլորտում՝ համապատասխան ներկայիս քաղաքական օրակարգին, հավելել է Քուրթուլմուշը։
«Պատերազմը կանգնեցնել էմբարգոյով կամ դրան նման միջոցառումներով անհնար է։ Խնդիրը նման միջոցառումներ ձեռնարկելը չէ, այլ բանակցությունների միջոցով խաղաղության ճանապարհը հարթելը», – ընդգծել է խորհրդարանի խոսնակը։
–00—ՅՄ