Թրամփը Հնդկաստանի նկատմամբ 25% մաքսատուրքեր կսահմանի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հնդկաստանի նկատմամբ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
«Չնայած Հնդկաստանը մեր բարեկամն է, սակայն տարիների ընթացքում մենք համեմատաբար քիչ բիզնես ենք վարել նրանց հետ, քանի որ նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են՝ աշխարհում ամենաբարձրերից», – նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ Հնդկաստանն իր ռազմական տեխնիկայի մեծ մասը միշտ գնել է Ռուսաստանից և նաև Ռուսաստանի էներգակիրների ամենամեծ գնորդն է՝ Չինաստանի հետ միասին «այն ժամանակ, երբ բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարեցնի սպանություններն Ուկրաինայում»։
«Այս ամենը լավ չէ։ Հետևաբար, Հնդկաստանը կվճարի 25% մաքսատուրք, գումարած վերը նշվածի համար տուգանք՝ սկսած օգոստոսի 1-ից», – եզրափակել է Թրամփը։
Մեկ այլ գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ օգոստոսի 1-ի վերջնաժամկետը երկարաձգման ենթակա չէ, և այդ օրը «հրաշալի օր կլինի Ամերիկայի համար»։
Օգոստոսի 1-ին այն երկրները, որոնք չեն հասցնի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր կնքել, ստիպված կլինեն բարձր մաքսատուրքեր վճարել։ Օրերս ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրեր է կնքել Ճապոնիայի և ԵՄ-ի հետ՝ պայմանավորվելով 15% մաքսատուրքերի շուրջ։ Չինաստանի հետ բանակցությունները շարունակվում են։
—00—ՄԱ