Գերմանիայի արևելքում Բունդեսվերի ուղղաթիռի վթարի հետաքննությունը շարունակվում է

29/07/2025 23:07 Միջազգային

Գերմանիայի իրավապահ մարմինները և Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) հետաքննում են Սաքսոնիայում ռազմական ուղղաթիռի կործանման վարկածները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Լայպցիգի ոստիկանական բաժանմունքը հայտարարել է, որ Գրիմմա քաղաքի մոտակայքում գտնվող Մուլդե գետում հայտնաբերված ուղղաթիռի բեկորների մասին ոստիկանությանը տեղեկացրել են թիավարությամբ զբաղվող անձինք։ Ոստիկանության խոսնակը հավելել է, որ բեկորներ են հայտնաբերվել նաև Գրիմմայի մոտակայքում, Լայպցիգի շրջանի Շմորդից գյուղի մոտակայքում:

«Բունդեսվերը ստեղծել է ռազմական արգելված գոտի՝ միջադեպը հետաքննելու համար, իսկ Քաղաքացիական ավիացիայի դաշնային գրասենյակը նույնպես թռիչքներից արգելված գոտի է սահմանել վթարի վայրում: Միջադեպի վայրում տեղի է ունեցել կերոսինի մեծ արտահոսք: Ուղղաթիռի բեկորները գտնվում են գետի մեջտեղում՝ դժվարամատչելի վայրում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վթարի վայրում աշխատում է մոտ 50 հրշեջ և փրկարար։ Այս պահին առաջնահերթ խնդիրը վառելիքի արտահոսքի տեղայնացումն է, որից հետո կսկսվի փրկարարական գործողությունը։ Այս պահին հնարավոր զոհերի կամ ողջ մնացածների մասին հաստատված տեղեկություններ չկան։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ դա Բունդեսվերի ուղղաթիռ էր, որը կատարում էր ուսումնական թռիչք: Օդային երթևեկության կառավարման ծառայության տվյալներով՝ ուղղաթիռը անհետացել է ժամը 10:00-ից մինչև 10:30-ը:

–00—ՅՄ