Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ամրապնդելու մասին օրենք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որն ընդլայնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության լիազորությունները և ավելացնում աշխատակիցների թիվը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է տեսաուղերձում։
«Ստորագրել եմ օրենք, որն ամրապնդում է Անվտանգության ծառայությունը՝ դրան տալով ավելի շատ հնարավորություններ իրականացնելու իր մարտական առաքելությունները և ոչնչացնելու օկուպանտին, ինչպես նաև անցկացնելու հատուկ գործողություններ Ուկրաինայի պաշտպանության համար։ Մասնավորապես, կավելացվի Հատուկ գործողությունների կենտրոնի անձնակազմի թվաքանակը, որը կոչվում է նաև «Ալֆա» ստորաբաժանում, որն ամենաարդյունավետն է», – ասել է Զելենսկին։
Գերագույն Ռադայի կայքում հրապարակված օրինագծի մեջ նշված է, որ ռազմական դրության ժամանակ Հատուկ գործողությունների կենտրոնում կաշխատի ոչ պակաս, քան 10 000 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ խաղաղ ժամանակ Անվտանգության ծառայության աշխատակիցների թիվը կկազմի 37 000, իսկ ռազմական դրության ընթացքում՝ 41 000 մարդ, ինչը կախված կլինի երկրի զորահավաքի պլանից։
–00—ՅՄ