Կրեմլն ի գիտություն է ընդունել Թրամփի հայտարարությունը կարգավորման ժամկետների մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Կրեմլը ծանոթացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն Ուկրաինայում կարգավորման ժամկետների կրճատման և բարձր մակարդակի շփումների հարցում շահագրգռության բացակայության մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունը», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Նա հավելել է, որ «կցանկանար խուսափել» ԱՄՆ ղեկավարի խոսքերին որևիցե գնահատական տալուց:
Թրամփը հուլիսի 28-ին հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և կարգավորման գործընթացում առաջընթացից, այդ պատճառով կրճատում է ավելի վաղ տրված 50-օրյա ժամկետը մինչև 10-12 օր: Այս ժամկետից հետո Վաշինգտոնը մտադիր է 100% երկրորդային մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի դեմ, ինչը կտարածվի ՌԴ առևտրային գործընկերների վրա: Թրամփը նաև հայտարարել էր, որ այլևս հետաքրքրված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմամբ:
Պեսկովը նաև հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման արագացմամբ, բայց դրա համար անհրաժեշտ են ազդակներ երկու կողմերից: «Մենք շարունակում ենք մեր այդ շահագրգռությունը և հույս ունենք, որ գործընթացն ավելի մեծ դինամիկա ձեռք կբերի», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
—00—ՄԱ