Նյու Յորքի երկնաքերերից մեկում հրաձգությունը 4 մարդու կյանք է խլել

29/07/2025 11:27 Միջազգային

Նյու Յորքում զինված տղամարդը մտել է Մանհեթենի երկնաքերերից մեկը և կրակ բացել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Հրաձգությունից հետո չարագործն ինքնասպան է եղել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով հուլիսի 28-ի երեկոյան։ Զոհերից մեկը ոստիկան է։ Նյու Յորքի քաղաքապետը հայտնել է, որ ևս մեկ մարդ վիրավորվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Հրաձիգը Լաս Վեգասի 27-ամյա բնակիչ էր, որը հոգեկան խնդիրներ ուներ։ Նա վերջին օրերին մեքենայով էր գնացել Նյու Յորք։ Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ։ Երկնաքերում գտնվում էին մի շարք ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև Ազգային ֆուտբոլի լիգայի կենտրոնական գրասենյակը։

—00—ՄԱ