Գազայում սովից մահացածների թիվը մոտենում է 150-ի

28/07/2025 16:29 Միջազգային

Գազայի հատվածում սովի և թերսնուցման զոհերի թիվը հասել է 147-ի, հայտարարել է պաղեստինյան անկլավի աշ-Շաֆա բժշկական համալիրի տնօրենը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

«Գազայի հատվածում սովը շարունակվում է ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Վիրավորներն ու հիվանդները տառապում են ծանր թերսնուցումից, որը կարող է հանգեցնել նրանց մահվան», – նշել է նա։

Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ իսրայելական բանակի կրակոցներից հուլիսի 25-ի լուսաբացից ի վեր 43 մարդ է զոհվել, որոնցից 9՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ։

«Բոլոր անցակետերի բացումը և օգնության զանգվածային մուտքը միակ միջոցն են Գազայի հատվածի բնակչության շրջանում սովի հետագա վատթարացումից խուսափելու համար», – հայտարարել է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA)։Գործակալության հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածն օրական կարիք ունի անհրաժեշտ պարագաներով լի առնվազն 500-600 բեռնատարի։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին՝ հորդորելով վերադարձնել պատանդներին։

«Ես շատ հստակ և ամենայն լրջությամբ ասում եմ, որ եթե ՀԱՄԱՍ-ը չազատի պատանդներին, ապա դժոխքի դարպասները կբացվեն Գազայում», – հայտարարել է Կացը։

—00—ՄԱ