Կամբոջան և Թաիլանդը հուլիսի 29-ից հրադադար կհաստատեն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի ղեկավարները համաձայնության են եկել անհապաղ ու առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացվող բանակցությունների արդյունքներով որոշվել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի հուլիսի 29-ից։Հանդիպման ավարտին հրավիրված ասուլիսի ժամանակ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեն հայտնել է, որ ռազմական գործողությունների հետևանքով կան ինչպես զոհեր ու վիրավորներ, այնպես էլ մեծաթիվ փախստականներ երկու կողմերում էլ։
«Ընդհանուր առմամբ երկու կողմում կա 300 հազար փախստական։ Կամբոջայի կողմից կա 140 հազար, իսկ Թաիլանդի կողմից՝ 160 հազար»,- ասել է նա։
Ավելի վաղ Թաիլանդի կառավարությունից հայտնել էին, որ Կամբոջային սահմանակից տարածքներում զինված հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 14 քաղաքացիական անձ և 8 զինծառայող, ևս 140 մարդ վիրավորվել է։Հուլիսի 24-ի առավոտյան Կամբոջա-Թաիլանդ սահմանի երկայնքով տեղի էին ունեցել զինված բախումներ։
Թաիլանդի ԱԳՆ-ից մեղադրել էին Կամբոջային սահմանային հատվածներում ականներ տեղադրելու մեջ, ինչի հետևանքով վերջին օրերին ուժել էին Թաիլանդի բանակի ներկայացուցիչները։ ԱԳՆ-ից հայտնել էին նաև Կամբոջայում իրենց դեսպանին հետ կանչելու մասին՝ խնդրելով այդ երկրին համապատասխանաբար հետ կանչել Թաիլանդում իրենց դեսպանին։
Կամբոջայի և Թաիլանդի միջև վեճն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի և սկսվել է այն պահից, ինչ երկու երկրների միջև ֆրանսիական օկուպացիայից հետո գծվել են սահմանները։ Իրավիճակը լարվել էր 2008 թվականին, երբ Կամբոջան փորձեց վիճարկելի տարածքում գտնվող 11-րդ դարի տաճարը գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր։ Այս քայլը լուրջ դիմադրության արժանացավ Թաիլանդի կողմից։
Տարիների ընթացքում կողմերի միջև ժամանակ առ ժամանակ վերսկսված բախումները զոհերի պատճառ են դարձել երկու կողմերում էլ։ Վերջին երկու ամսում երկրները սահմանային սահմանափակումներ էին սահմանել մեկը մյուսի համար։
Կամբոջան արգելել էր Թաիլանդից այնպիսի ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենները, ինչպես նաև դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և համացանցի ծառայությունների ներմուծումը։ Վերջին շաբաթներին երկու երկրներն ուժեղացրել էին զինված ներկայությունը սահմաններին։
—00—ՄԱ