Երևանի ու Բաքվի միջև համաձայնագրի ստորագրման ձգձգումը կարող է տարածաշրջանում լարվածության հանգեցնել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի ստորագրման գործընթացի երկարաձգումը կարող է տարածաշրջանում լարվածության աճի հանգեցնել. Թեհրանը կողմերին կոչ է անում լրջորեն զբաղվել այդ հարցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրադրությանը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային զարգացումներին։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի երկարաձգումը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի»,-նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին «լրջորեն զբաղվել» այս հարցով և շեշտելով, որ այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Էսմայիլ Բաղային անդրադարձ է կատարել նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ուղիների ու ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակմանը՝ ընդգծելով, որ Թեհրանն աջակցում է այդ ուղիների ընդլայնմանը։
«Այս ծրագրերը երբեք չպետք է հակասեն երկրների տարածքային ինքնիշխանությանը»,-ասել է խոսնակը։
Բաղային իր խոսքում նաև նշել է, որ Իրանը համարում է, որ Կովկասում ընթացող զարգացումներին արտատարածաշրջանային դերակատարների մուտքը չի բխում տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերից։
«Մենք դա չենք համարում տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերից բխող։ Մենք ուշադիր հետևում ենք այս հարցին և սերտ կապի մեջ ենք երկու երկրների (խմբ.՝ նկատի ունի Հայաստանին ու Ադրբեջանին) հետ»,-եզրափակել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակը։
—00—ՄԱ