«Մահ Թրամփին»․ Բրիտանիայում ուղևորը թռիչքի ժամանակ սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Բրիտանական EasyJet ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Լոնդոնից, ստիպված է եղել վայրէջք կատարել Գլազգո քաղաքի օդանավակայանում այն բանից հետո, ինչ 41-ամյա ուղևորը հայտարարել է, որ ռումբ ունի և ցանկանում է «ուղերձ փոխանցել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով այդ ընթացքում գտնվում էր Շոտլանդիայում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համացանցում հայտնված տեսանյութերում երևում է, թե ինչպես է տղամարդը սկսել բղավել «Ալլահու Աքբար» (արաբերենից թարգամանաբար՝ «Աստված մեծագույնն է») ու սպառնալիքներ տեղացել Թրամփի հասցեին։
«Ես պատրաստվում եմ պայթեցնել այս ինքնաթիռը։ Մահ Ամերիկային։ Մահ Թրամփին»,- սկսել է բղավել ուղևորը, ում ինքնաթիռի մյուս ուղևորները գցել են հատակին ու փորձել են վնասազերծել։
Բրիտանական The Sun-ի հաղորդմամբ, ուղևորները նրան պահել են հատակին այնքան ժամանակ, մինչև ինքնաթիռը վայրէջք է կատարել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, որտեղ էլ ոստիկանությունը եկել ու ձերբակալել է 41-ամյա տղամարդուն։Շոտլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Հայտնի է դարձել նաև, որ ինքնաթիռում որևէ ռումբ չի եղել։
—00—ՄԱ