Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

25/07/2025 17:04 Միջազգային

Ռուսական ուժերն ավիառումբ են նետել Խարկովի թաղամասերից մեկում գտնվող բժշկական հաստատության վրա, որի հետևանքով 14 մարդ է վիրավորվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ վկայակոչելով նահանգի վարչակազմի ղեկավարին։ Չորս հոգու հաջողվել է դուրս բերել վնասված շենքից։ Եվս երկու հոգու որոնումները շարունակվում են։ Հարվածի հետևանքով մասնակիորեն փլուզվել են շենքի երրորդ հարկը և տանիքը։ Վնասվել են նաև մասնավոր տուն և երկու ավտոմեքենա։

Ռուսական ուժերը գնդակոծել են նաև Զապորոժիեի մարզը, որտեղ 1 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերն ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է Դոնեցկում երեք բնակավայր վերահսկողության տակ վերցնելու մասին։

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իշխանությունները հայտնել են Նևինոմիսկի վրա զանգվածային հարվածների մասին։ Արձակվել է 37 անօդաչու թռչող սարք, ինչն ամենամեծ քանակությունն է ռազմական գործողությունների ընթացքում։

Տուժածներ չկան։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունները ևս հայտնել են ԱԹՍ-ների զանգվածային հարվածների մասին։ Թեթևակի վնասվել են մասնավոր տներ, տուժածներ չկան։

—00—ՄԱ