Թրամփը ստորագրել է արտասահմանյան օգնության և ԶԼՄ-ների աջակցության ծախսերի կրճատման մասին օրենքը

25/07/2025 13:50 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է օրենք արտասահմանյան օգնության և հանրային հեռարձակող ընկերությունների ֆինանսավորման պետական ծախսերն 9 միլիարդ դոլարով կրճատելու մասին: «Արմենպրես»-ի փոխանմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Չեղարկվող ֆինանսավորման մեծ մասը՝ 7,9 միլիարդ դոլարը, պետք է ուղղվեր արտասահմանյան օգնությանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով, իսկ 1,1 միլիարդ դոլարը՝ Հանրային հեռարձակող կորպորացիային, որը ֆինանսավորում է NPR-ը և PBS-ը.  այդ գումարի մեծ մասը հատկացվում է ամբողջ երկրում ավելի քան 1500 հանրային ռադիոկայանների և հեռուստակայանների։

Օրինագիծն ավելի վաղ հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Փետրվարի 3-ին Թրամփի վարչակազմն, ըստ էության, դադարեցրել է USAID-ի գործունեությունը, որն օգտագործվում էր ամերիկյան արտաքին քաղաքականությունն առաջ մղելու համար և այլ երկրների վրա ազդեցության միջոց էր: Մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նշանակվել էր USAID-ի ժամանակավոր ղեկավար, հայտնել է, որ կառավարությունը ստուգման արդյունքներով դադարեցրել է գերատեսչության ծրագրերի 83%-ի գործողությունը:

—00—ՄԱ