Ստամբուլում մեկնարկել են Իրանի և «եվրաեռյակի» միջև բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Ստամբուլում առավոտյան մեկնարկել են Իրանի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Բանակցություններն ընթանում են Ստամբուլում Իրանի հյուպատոսության շենքում՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։Իրանական կողմից բանակցություններին մասնակցում են իրավական և միջազգային հարցերով ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին և քաղաքական հարցերով ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
Հուլիսի 24-ի երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, նախատեսված բանակցությունները նախորդ քննարկումների շարունակությունն են, և «աշխարհը պետք է իմանա, որ մեր դիրքորոշումները չեն փոխվել. մենք կպաշտպանենք Իրանի ժողովրդի իրավունքները»։
Արաղչին հավելել է, որ հատկապես Իսրայելի կողմից վերջերս պարտադրված պատերազմից հետո անհրաժեշտ է, որ մյուս կողմը տեղեկացվի, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մնում է ամուր և անսասան։
«Մեր կողմից ուրանի հարստացումը կշարունակվի, մենք չենք հրաժարվում Իրանի ժողովրդի այս իրավունքից», – հայտարարել է նա։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ բանակցությունների օրակարգը հստակ է՝ պատժամիջոցների վերացում և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր՝ այն տարբերությամբ, որ այս անգամ Իրանը հստակ կարտահայտի իր դիրքորոշումները։
—00—ՄԱ