ՌԴ-ում ապրող բելառուսները տեղական ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել

23/07/2025 16:53 Միջազգային

Ռուսաստանում մշտապես բնակվող Բելառուսի քաղաքացիներն այժմ իրավունք ունեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Համապատասխան օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Օրենքի համաձայն՝ Ռուսաստանում մշտապես բնակվող Բելառուսի քաղաքացիները կարող են քվեարկել և ընտրվել Ռուսաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում: Բելառուսի տարածում նման իրավունք կստանան նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։

2025 թ. մարտի 13-ին Մոսկվայում ստորագրվել է արձանագրություն՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Քաղաքացիների հավասար իրավունքների մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, որը նախատեսում է այդ իրավունքների տրամադրումը երկու երկրների քաղաքացիներին: Պուտինը փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել հուլիսին։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ վավերացումը կնպաստի քաղաքացիների ավելի ակտիվ ներգրավմանը հասարակական և քաղաքական կյանքում։

—00—ՄԱ