Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Իսրայելի դեսպանը քննարկել են համագործակցությունը և տարածաշրջանում իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 23-ին ընդունել է Ադրբեջանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Դիքին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։
Նախարար Բայրամովը շնորհակալություն է հայտնել դեսպան Դիքին արդյունավետ դիվանագիտական ծառայության համար և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը։ Կողմերը նաև բարձր են գնահատել քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ներդրումային և մարդասիրական ոլորտներում համագործակցությունը՝ ընդգծելով հարաբերությունների հետագա զարգացման մեծ ներուժը։
Կողմերը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և իր պատրաստակամությունը՝ նպաստելու այդ գործընթացին։
Դեսպան Դիքը շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ստացած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
–00—ՅՄ