Ճապոնիայի վարչապետը հերքել է իր պաշտոնաթողության մասին լուրերը

23/07/2025 11:44 Միջազգային

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ նախկին վարչապետների հետ որևէ քննարկում չի վարում իր պաշտոնաթողության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Ավելի վաղ ճապոնական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ հուլիսի 20-ին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում տարած պարտությունից հետո Իսիբան կհրաժարվի վարչապետի պաշտոնից։ Սիգերու Իսիբայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերին արդեն կորցրել էր վերահսկողությունը խորհրդարանի ստորին պալատում։

Հուլիսի 20-ին ընտրություններում պարտությունից հետո Իսիբան հայտարարել էր, որ ընդունում է «դառը արդյունքը», սակայն հրաժարական չի տա և կկենտրոնանա ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելու վրա։ Նրան արդեն հաջողվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնության հասնել ճապոնական ապրանքների համար 15% մաքսատուրքերի շուրջ։

—00—ՄԱ