Թրամփի վարչակազմում դժգոհ են Նեթանյահուից

22/07/2025 23:42 Միջազգային

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամերիկյան Axios պարբերականի համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում աճում է հոռետեսությունն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ՝ մի շարք անվտանգային խնդիրների առնչությամբ նրա ապակառուցողական մոտեցումների հիմքով։ Պատճառն ԱՄՆ-ի համար շարունակական խնդիրների ստեղծումն է, այն դեպքում, երբ Դ.Թրամփի վարչակազմը փորձում որոշակի կայունություն ապահովել տարածաշրջանում։ Այս անգամ թեման առնչվում է Սիրիային, որտեղ ամերիկյան միջնորդության արդյունքում հրադադար էր հաստատվել կառավարական ուժերի և դրուզների միջև, իսկ Իսրայելը շարունակում է պարբերաբար հրթիռակոծել այդ երկրի տարածքը արհեստական հիմնավորումնդրով։

Բացի այդ, անընդհատ ձգձգում է հրադադարի հաստատումը Գազայի հատվածում, շարունակում ապակայունացել տարածաշրջանը։

Այնպես որ, Թրամփի վարչակազմում դժգոհ են Նեթանյահուից, նրա քաղաքականությունից, պարզապես խուսափում են հրապարակել այդպիսի դիրքորոշումը։

Իսկ Նեթանյահուն, ընդամենն օգտվելով գլոբալ և ռեգիոնալ իրավիճակներից, սեփական երկրի անվտանգային միջավայրն է բարելավում, շահերն առաջ մղում. հիմնականում հաջողում է՝ հաճախ նաև փաստի առաջ կնգնեցնելով իր առանցքային դաշնակցին՝ ԱՄՆ-ին։

Թերևս նաև քննարկվող օրինակով է ակնհայտ դառնում Իսրայելի հզորության երևույթը։ Եվ խոսքը ոչ միայն ռազմական ներուժի մասին է, այլ ավելի լայն անվտանգային համակարգի՝ իր ներքին և արտաքին կուռ բաղադրիչներով։

Իսրայել-Իրան վերջին դիմակայության ամենաթեժ շրջանում ԱՄՆ կոնգրեսում հանդիպեցինք մի քանի կոնգրեսականների, շրջեցինք հաստատության ներսում։ Ամերիկացի խորհրդարանականների շրջանում մի տիպային միտում կար՝ ով է ավելի ուժգին և տպավորիչ աջակցություն ցուցաբերում Հրեական պետությանը։ Կարծում եմ, որ նման տրամադրությունների գերակայությունը պարզապես հնարավորություն չի թողնում ԱՄՆ-ում իշխող որևէ կառավարության՝ ձեռնպահ մնալ սեփական դաշնակցին աջակցելու հարցում։ Նման պայմաններում լարվածության դեպքում հնարավոր առավելագույնը կարճատև ֆոնային տարաձայնությունների սցենարն է, ինչպես Օբամայի և Բայդենի կառավարման շրջանում էր։

Հ.Գ. Գրառմանը կից տեսանյութում՝ պատահաբար նկարահանված կոնգրեսի միջանցքներում, անզեն աչքով էլ երևում է Իսրայելի շահերին նվիրվածության մակարդակը, իսկ դրանց ընդդիմանալու դեպքում՝ նաև բարդ քաղաքական, քարոզչական հետևանքները, որոնց ազդեցությունը հազիվ թե կարճաժամկետ լինի…»։

–00—ՍՊ