Զելենսկին հանձնարարել է ՌԴ-ի հետ բանակցությունների թիմ ձևավորել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է ստեղծել պատվիրակություն՝ հուլիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար: Խումբը կգլխավորի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը գրել է իր Telegram ալիքում։
Թուրքիայում ռուսական կողմի հետ բանակցությունների նախօրեին Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել։ Ումերովը զեկուցել է Ստամբուլում ռուսական կողմի հետ երկրորդ հանդիպման պայմանավորվածությունների կատարման և մոտ ապագայում նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին:
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան «պատրաստ է աշխատել գերիների ազատ արձակման և առևանգված երեխաների վերադարձի, ինչպես նաև սպանությունները դադարեցնելու և առաջնորդների հանդիպմանը նախապատրաստվելու համար»։
«Մեր դիրքորոշումը հնարավորինս թափանցիկ է: Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը, և հենց Ռուսաստանն է, որ պետք է դադարեցնի այն պատերազմը, որն ինքն է սկսել», – հավելել է նախագահը։Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը զեկուցել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում գործընկերների հետ դիվանագիտական աշխատանքների համակարգման մասին։
«Ես հանձնարարել եմ ձևավորել պատվիրակություն՝ ռուսական կողմի հետ բանակցությունների համար։ Պատվիրակությունը կգլխավորի Ռուստեմ Ումերովը, պատվիրակության կազմում կլինեն Ուկրաինայի հետախուզության, Արտաքին գործերի նախարարության և Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ», – ընդգծել է Զելենսկին։
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները արդեն բանակցությունների երկու փուլ են անցկացրել Ստամբուլում։ Այս հանդիպումների հիմնական արդյունքը գերիների լայնամասշտաբ փոխանակման կազմակերպումն էր, ինչպես նաև զոհված զինվորների մարմինների փոխանակումը։Բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է հուլիսի 23-ին, կրկին Ստամբուլում։
—00—ՄԱ