Գազայում զոհերի թիվը գերազանցել է 59 000-ը

22/07/2025 16:56 Միջազգային

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59 029-ի, վիրավորվել է 142 135 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նախարարությունը նաև հայտնել է, որ սովի և թերսնման հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 101-ի, որոնցից 80-ը երեխաներ են։Պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հուլիսի 22-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով սպանվել է 43 պաղեստինցի, այդ թվում՝ 10 մարդ՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ։

«Մենք հստակ ասում ենք, որ Գազայի երեխաները բառացիորեն մահանում են սովից։ 2,3 միլիոն մարդ՝ Գազայի ողջ բնակչությունը, չի կարողանում մի կտոր հաց գտնել»,- Al Jazeera-ին հայտնել է Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակը։

Ալ-Ակսայի Նահատակների հիվանդանոցի խոսնակն իր հերթին հայտնել է, որ «մի քանի ժամվա ընթացքում հիվանդանոցային ծառայությունները կարող են դադարեցվել վառելիքի պակասի պատճառով»։

Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ կշարունակեն աշխատել պատերազմի նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ պատանդների վերադարձի և ՀԱՄԱՍ-ի ոչնչացման համար։Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են տասնյակ ահաբեկչական թիրախների վրա ամբողջ Գազայի հատվածում»: Ոչնչացված թիրախների թվում զինվորականները նշել են «ականապատված շենքեր», «հակատանկային հրթիռային կայաններ» և «ստորգետնյա մարտական օբյեկտներ»:

Բացի այդ, հարվածներ են հասցվել առանձին զինված արմատականների։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ, որոնց մի մասը վերադարձվել է։

Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 50 պատանդից 20-ը դեռ կարող է ողջ լինել։

—00—ՄԱ