ԱՄՆ-ն ներմուծում է նոր «վիզայի բարեխղճության» վճար՝ 250 դոլարի չափով

22/07/2025 13:24 Միջազգային

ԱՄՆ-ն միջազգային այցելուներից կպահանջի վճարել առնվազն 250 դոլարի չափով նոր «վիզայի բարեխղճության վճար», որը կավելացվի վիզայի դիմումի գործող ծախսերին, և որը կվերադարձվի՝ վիզայի պայմանները չխախտելու դեպքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։Այս գործընթացը կիրականացվի՝ համաձայն ԱՄՆ վարչակազմի կողմից ընդունված ներքին քաղաքականության մասին օրինագծի դրույթներից մեկի։ Վճարը կվերաբերի բոլոր այցելուներին, որոնք պետք է ձեռք բերեն ոչ ներգաղթային վիզաներ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար:

Սա ներառում է հանգստի և աշխատանքի նպատակով ճանապարհորդներին, միջազգային ուսանողներին և այլ ժամանակավոր այցելուների: Պետքարտուղարության տվյալների համաձայն՝ 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն տրամադրել է գրեթե 11 միլիոն ոչ ներգաղթային վիզա:

Վճարում կպահանջվի կատարել վիզաների տրամադրման պահին, և վճարներից ազատումներ չեն լինի: Համաձայն դրույթի՝ այն ճանապարհորդները, որոնք չեն խախտի իրենց վիզայի պայմանները, կարող են իրենց վճարած գումարը հետ ստանալ ուղևորության ավարտից հետո:Վիզայի վճարի հետ կապված նոր պահանջների մանրամասները դեռ հստակ չեն։

—00—ՄԱ