Միացյալ Նահանգները մտադիր չէ մեծացնել իր ռազմական ներկայությունն աշխարհի ոչ մի կետում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Միացյալ Նահանգները մտադիր չէ մեծացնել իր ռազմական ներկայությունն աշխարհի ոչ մի կետում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Մենք այլևս զորքեր չենք մտցնի որևիցե տեղ՝ թշնամական մտադրություններով», – ասել է Բարաքը:
Նա նաև նշել է, որ երբ հարցը վերաբերում է Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտությանը, ապա ԱՄՆ-ն չի կարող Իսրայելին ստիպել որևէ բան անել:
«ԱՄՆ-ի գործը չէ Իսրայելին փորձել հարկադրել որևէ բան անել…. Ամերիկան կարող է միայն ազդեցություն գործել», – նշել է պաշտոնյան։
ԱՄՆ հատուկ բանագնացը Լիբանան է ժամանել հուլիսի 20-ին՝ տեղեկանալու Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի պահպանման մասին: Երկու շաբաթվա ընթացքում սա Բարաքի արդեն երկրորդ այցն է Լիբանան:
–00—ՅՄ