Իրանի նախագահը հաստատել է, որ վիրավորվել է Իսրայելի հարձակման ժամանակ

18/07/2025 17:36 Միջազգային

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը վիրավորվել է անցած ամիս Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված հարձակման ժամանակ, այս մասին CBS News-ին հաստատել են ԱՄՆ երկու հետախուզական աղբյուրներ։

Աղբյուրները հայտնել են, որ Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունները ճիշտ են, ըստ որոնց՝ Փեզեշքյանը մասնակցել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նիստին, երբ տեղի է ունեցել իսրայելական հարվածը։ Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ նա ոտքի վնասվածք է ստացել՝ փախուստի ժամանակ արտակարգ ելքից դուրս գալիս։

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսրայելը փորձել է սպանել իրեն՝ ռմբակոծելով այն տարածքը, որտեղ ինքը մասնակցում էր հանդիպման։

Հարցին, թե արդյոք կարծում է, որ Իսրայելը փորձել է սպանել իրեն, Փեզեշքյանը պատասխանել է. «Այո, նրանք փորձեցին, բայց չհաջողեցին»։

« Միացյալ Նահանգները չէր, որ կանգնած էր իմ դեմ մահափորձի հետևում։ Դա Իսրայելն էր։ Ես հանդիպման էի մասնակցում։ Քննարկում էինք հետագա քայլերը։ Բայց իրենց լրտեսների միջոցով ստացած հետախուզական տվյալների շնորհիվ նրանք փորձեցին ռմբակոծել այն տարածքը, որտեղ մենք գտնվում էինք», – ասել է նա հարցազրույցի ընթացքում ։

—00—ՄԱ