ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը

15/07/2025 16:20 Միջազգային

ԱՄՆ Սենատը կասեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու օրինագծի առաջխաղացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունի հայտարարությանը։

Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուծելու մասին հայտարարությունների ֆոնին։«Կարծես թե, այս պահին նախագահը մտադիր է փորձել որոշ բաներ անել ինքնուրույն։ Եթե որևէ պահի նա որոշի, որ այս օրինագծի առաջխաղացումը իմաստ ունի և կնպաստի ու կամրապնդի իր բանակցային դիրքերը, ապա մենք կմիանանք դրան։ Մենք պատրաստ կլինենք», – ասել է Թյունը։

Թրամփը հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ սպառնացել է 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ թիրախավորելով Մոսկվայի առևտրային գործընկերներին, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի։

Սենատի օրենսդրությունը նույնիսկ ավելի խիստ մաքսատուրքեր էր նախատեսում մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի նկատմամբ։

—00—ՄԱ