Ֆրանսիան հնարավոր է համարել Իրանի դեմ Եվրոպայի պատժամիջոցների վերականգնումը մինչև օգոստոսի վերջը

15/07/2025 15:36 Միջազգային

Եվրոպայի երկրները կարող են վերականգնել Իրանի դեմ 10 տարի առաջ չեղարկված պատժամիջոցների գործողությունը, եթե Թեհրանից չստանան բավարար երաշխիքներ իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմաններին հետևելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ ժամանելով Բրյուսել ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:«Ֆրանսիան և նրա գործընկերներն ունեն լիակատար իրավունք կրկին կիրառելու զենքի մատակարարումների, բանկային ծառայությունների մատուցման և ատոմային ճյուղի համար սարքավորումների մատակարարումների համաշխարհային էմբարգո, որը չեղարկվել է 10 տարի առաջ: Առանց Իրանի կողմից հստակ, շոշափելի և ստուգելի պարտավորությունների՝ մենք դա կանենք օգոստոսի վերջից ոչ ուշ», – Բարոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նախարարը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանի բանտերում, ինչպես նաև վերսկսել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների աշխատանքն Իրանի միջուկային օբյեկտներում: «Անհրաժեշտ է վերսկսել դիվանագիտական գործընթացը, որը թույլ կտա հասնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի համար շրջանակների կարգավորման և համաձայնեցման», – ասել է Բարոն:

2015 թվականին Իրանը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ստորագրեց իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)՝ վերջ դնելով ճգնաժամին, որն սկսվել էր 2002 թվականին Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման՝ Արևմուտքի մեղադրանքների պատճառով։ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու և Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին։

Ի պատասխան՝ 2020 թվականին իսլամական հանրապետությունը հայտարարեց ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների կրճատման և երկրի միջուկային օբյեկտներ ԱԷՄԳ տեսուչների մուտքի սահմանափակման մասին։

Միջուկային գործարքի վերականգնման շուրջ  բանակցությունները, որոնք 2021-ից մինչև 2022 թվականը տեղի ունեցան Վիեննայում, ավարտվեցին անարդյունք։2025 թվականին դառնալով նախագահ՝ Թրամփն ստորագրեց հրամանագիր՝ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականության վերսկսման մասին և սպառնաց ռազմական ուժի կիրառմամբ, եթե Թեհրանը չհամաձայնի Վաշինգտոնի հետ նոր գործարքի։

Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչներն ապրիլից մինչև մայիս  անցկացրին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգ փուլ։ Բանակցային գործընթացը սառեցվեց Իրանի դեմ Իսրայելի  ռազմական գործողության և դրան հաջորդած Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների պատճառով:

—00—ՄԱ