Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին գրառում է կատարել X միկրոբլոգում։
«Ես զրուցեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Եվս մեկ շատ լավ զրույց։ Մարկը տեղեկացրեց Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ հանդիպման և Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության մանրամասների մասին՝ Ուկրաինային աջակցությունը շարունակելու և ամրապնդելու համար», – նշել է Զելենսկին։
Նա նաև շեշտել է, որ Ուկրաինան գնահատում է լրացուցիչ Patriot համակարգեր տրամադրելու պատրաստակամությունը։
«Մենք գնահատում ենք լրացուցիչ Patriot համակարգեր տրամադրելու պատրաստակամությունը, և ԱՄՆ-ն, Գերմանիան ու Նորվեգիան արդեն համատեղ աշխատում են այս ուղղությամբ։ Կլինեն նաև այլ զենքի մատակարարումներ՝ մեր ժողովրդի կյանքը պաշտպանելու և ռուսական հարձակումները հետ մղելու համար», – հավելել է Զելենսկին։Նրա խոսքով՝ «կարևոր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ խաղաղության և կյանքեր փրկելու համար»։ Զելենսկին երկար ժամանակ Վաշինգտոնից խնդրում էր մատակարարել անհրաժեշտ Patriot հրթիռները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Կիևին ուղարկել հակաօդային պաշտպանության մարտկոցներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 1 միլիարդ դոլար է։Հուլիսի 14-ին Թրամփը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է ՆԱՏՕ-ին վաճառել առաջադեմ զենքեր, որոնք հետո կարող են փոխանցվել Ուկրաինային։
Բացի այդ, Թրամփը Ռուսաստանին 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ համաձայնության հասնելու համար, և եթե դա տեղի չունենա, ապա նա Մոսկվայի նկատմամբ կսահմանի երկրորդային մաքսատուրքեր (մաքսատուրքեր այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր են անում Ռուսաստանի հետ և դրանով իսկ օգնում են պատերազմ մղել)։
—00—ՄԱ