Զելենսկին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է գործադիր իշխանության համակարգի փոխակերպման մասին։ Նա առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը և զգալիորեն թարմացնել դրա աշխատանքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։Զելենսկին նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է, որ նախարարների նոր կաբինետը կներկայացնի իր գործողությունների ծրագիրը։
Զելենսկին նշել է, որ Սվիրիդենկոն իրեն զեկուցել է Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ վերջերս կայացած համաժողովի շրջանակներում ձեռք բերված պարտավորությունների կատարման մասին։ «Քննարկել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել քաղաքացիներին աջակցելու ծրագրերը և մեծացնել զենքի արտադրությունը», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի վարչապետի պաշտոնը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Դենիս Շմիհալը։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը նշում է, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ վարչապետ Շմիհալը պաշտոնաթող կլինի, և նրան փոխարինող են փնտրում։
—00—ՄԱ