Թրամփը Patriot համակարգեր կուղարկի Ուկրաինա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

addԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի Patriot զենիթահրթիռային համակարգեր, որոնք անհրաժեշտ են երկիրը պաշտպանելու համար։ Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ դժգոհություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ասելով, որ նա «գեղեցիկ խոսում է, բայց հետո երեկոյան ռմբակոծում է բոլորին»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել էր ավելի շատ պաշտպանական զենքեր տրամադրել Կիևին՝ Ռուսաստանի կողմից շարունակաբար արձակվող հրթիռները և անօդաչու թռչող սարքերը հետ մղելու համար։Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ քանի Patriot համակարգ կուղարկի Ուկրաինա, սակայն նշել է, որ դրանց ծախսերը կփոխհատուցի Եվրամիությունը։
«Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք հուսահատորեն ունեն, որովհետև Պուտինն իսկապես շատերին է զարմացրել։ Նա գեղեցիկ խոսում է, իսկ հետո երեկոյան ռմբակոծում է բոլորին։ Բայց այստեղ մի փոքրիկ խնդիր կա։ Դա ինձ դուր չի գալիս», – ասել է Թրամփը լրագրողներին Էնդրյուս միացյալ ռազմաբազայում։
«Մենք, ըստ էության, նրանց կուղարկենք շատ առաջադեմ ռազմական տեխնիկայի տարբեր տեսակներ։ Նրանք մեզ 100%-ով կվճարեն դրա համար, մենք այդպես ենք ուզում», – ասել է ԱՄՆ նախագահը։
Դոնալդ Թրամփը նախատեսում է հուլիսի 14-ին ավելի ուշ հանդիպում ունենալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ քննարկելու իրավիճակն Ուկրաինայում և այլ հարցեր։
—00—ՄԱ