Առանց ժողովրդի միասնության մեր հաջողությունն ու հաղթանակն անհնարին կլինեին․ Փեզեշքիան

13/07/2025 22:16 Միջազգային

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի կարողություններն ու հրթիռները, ժողովրդական միասնության հետ մեկտեղ, պարտության են մատնել Իսրայելին վերջին 12-օրյա ագրեսիայի ընթացքում: Այս մասին հայտնում է Mehr-ը։

Թեհրանում նավթի նախարարություն կատարած այցի ժամանակ Փեզեշքիանն իրեն ուղեկցող լրագրողներին ասել է, որ հենց զինված ուժերի կարողություններն ու հրթիռները, ինչպես նաև ժողովրդի՝ իր միասնությունը պահպանելու և զինվորականների կողքին կանգնելու ձգտումն են խարխլել Իսրայելի հեղինակությունը վերջերս պարտադրված պատերազմի ընթացքում։ Դիմելով նավթի նախարարին և նավթային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Փեզեշքիանն ասել է. «Հենց դուք, հասարակության մյուս շերտերի հետ մեկտեղ, ժամանակին իմաստություն և խորաթափանցություն դրսևորեցիք՝ կանխելով երկիրն ապակայունացնելու թշնամու ծրագրերը»։

«Առանց ժողովրդի և զինված ուժերի միասնության ու համերաշխության, որոնց կարողություններն ու հրթիռները խորտակեցին սիոնիստական ռեժիմի ամբարտավանությունը, մեր հաջողությունն ու հաղթանակն անհնարին կլինեին»։

—00—ՄԱ