Գազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածներից, ըստ Գազայի առողջապահական իշխանությունների, հուլիսի 10-ի լուսաբացից ի վեր 55 պաղեստինցի է զոհվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։15 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, զոհվել են Դեյր ալ-Բալահ քաղաքում սննդի բաշխման կենտրոնի մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետանքով։
Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի դիպուկահարի կրակոցից 3 զինվորի վիրավորման մասին. նրանցից երկուսի վիճակը ծանր է:ՀԱՄԱՍ-ը վերահաստատել է իր շարունակական ինտենսիվ ջանքերը՝ բանակցությունների հերթական փուլի հաջողությունն ապահովելու համար՝ ձգտելով հասնել համապարփակ համաձայնության:
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է Իսրայելի հետ համաձայնության մասին, ըստ որի պետք է ընդլայնվի մարդասիրական մուտքը Գազայի հատված, և պետք է բացվեն նոր անցումներ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս կամ հաջորդ շաբաթ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր կնքելու հավանականությունը բավական մեծ է: Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինյան անկլավում տեղի ունեցած ագրեսիայի զոհերի թիվը հասել է 57 680-ի, վիրավորներինը՝ 137 409-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
—00—ՄԱ