Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Ֆիդանը նշել է, որ երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների հիմքում ընկած է ժողովուրդների միջև եղբայրական կապը։
Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարցերին՝ Ֆիդանը նշել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Թուրքիայի ու Պակիստանի միջև առևտրաշրջանառության ծավալները հասնեն 5 մլրդ դոլարի և հավելել, որ գնահատվում են նաև համագործակցության մեխանիզմերը հանքարդյունաբերության, բնական գազի ու նավթի և հազվագյուտ մետաղների ոլորտներում։
Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ երկու երկրների միջև օդային կապը շարունակում է արդյունավետ գործել ու հավելել է, որ բացի օդային կապից առևտրի համար կարևոր են նաև ծովային, ցամաքային և երկաթուղային կապերը, որոնք պետք է ավելի ամրապնդվեն։
Անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտին՝ Ֆիդանը ընդգծել է, որ առաջիկայում ցանկանում են ամրապնդել այդ ոլորտում համագործակցությունը։ Նրա գնահատմամբ՝ դա երկու երկրների համար անվտանգության տեսակետից կարևոր ռազմավարական քայլ կլինի։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ տարածաշրջանում ճգնաժամերը կրկին ցույց են տվել Թուրքիայի և Պակիստանի միջև համերաշխության գերկարևորությունը և ընդգծել է, որ կան շատ կարևոր քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն տարածաշրջանում խաղաղության, անդորրության և կայունության համար։
«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ պետք է համագործակցենք Պակիստանի հետ այս ուղղությամբ։ Իրոք, մեր առաջնորդները մեծ ջանքեր են գործադրում մեր տարածաշրջանում դիվանագիտությունն ու երկխոսությունը առաջնահերթ դարձնելու համար՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ խորհրդակցական մեխանիզմի միջոցով»,-ընդգծել է Ֆիդանը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ