ՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբ

09/07/2025 18:03 Միջազգային

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան ստացել է Ադրբեջանում կալանավորված ռուսաստանցիների դեմ կիրառված միջոցների առնչությամբ հետաքննություն անցկացնելու և նրանց օգնություն ցուցաբերելու միջնորդությունը, Բիշքեկում լրագրողներին ասել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ադրբեջանական կողմին ուղարկվել է կալանավորված ռուսաստանցիների նկատմամբ ձեռնարկված միջոցառումների համարժեքության վերաբերյալ հետաքննություն անցկացնելու միջնորդություն։ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հայտնել է, որ ստացել է իմ միջնորդությունը հետաքննություն անցկացնելու և օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Սակայն ես դեռևս չեմ տեղեկացվել հետաքննության արդյունքների մասին», – ասել է Մոսկալկովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ կալանավորվածների նկատմամբ չափազանց մեծ և անարդար խստությունը կդադարեցվի։

«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներն ունենան իրենց ընտրած փաստաբանները, որ չկիրառվեն չափազանց հրապարակային և չափազանց կոշտ միջոցներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին, և վերացվեն անարդարություններն ու անօրինականությունները», – ընդգծել է Մոսկալկովան։

–00—ՅՄ