Ակրոպոլիսը փակվել է այցելուների առաջ սաստիկ տապի պատճառով

08/07/2025 15:53 Միջազգային

Հունաստանում սաստիկ տապի պատճառով ցերեկվա առավել շոգ ժամերին՝ 13:00-17:00-ն, փակվել է Ակրոպոլիսը, հայտնել է երկրի Մշակույթի նախարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Հունաստանի որոշ հատվածներում հուլիսի 8-ին ջերմաստիճանը կհասնի մինչև 42 աստիճան Ցելսիուսի: Երկրի հինգ շրջաններում անտառային հրդեհների տարածման չորրորդ մակարդակ է հայտարարվել, ինչը նշանակում է՝ շատ մեծ վտանգ:

Միևնույն ժամանակ Եվրոպայի մի քանի այլ հատվածներում անտառային հրդեհներ են մոլեգնում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Իսպանիայի Կատալոնիայի շրջանում: Կատալոնիայում հրդեհներն այրել են շուրջ 2000 հեկտար տարածք, հազարավոր մարդիկ մնացել են արգելափակման մեջ: Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով փակվել է Ֆրանսիան Իսպանիային կապող ավտոմայրուղին: Բնակչությանը կոչ են արել տարհանվել վտանգավոր հատվածներից:

Ըստ մասնագետների՝ կլիմայի փոփոխության հետևանքով տապի ալիքներն ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ կդառնան: