Իրանում իսրայելական կողմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Իսրայելական հարվածների հետևանքով Իրանի տարածքում զոհերի թիվը հասել է 1060-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոր տվյալները հայտնել է Իրանի Նահատակների ու վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավար Սաիդ Օհադին։
Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, Օհադին Իրանի հանրային հեռուստատեսության եթերում տեղեկացրել է նաև, որ, հաշվի առնելով ծանր վիրավորումների դեպքերը, զոհերի թիվը կարող է հասնել 1100-ի։
Իսրայելը հարձակում էր սկսել Իրանի դեմ հունիսի 13-ին, ինչին ի պատասխան իրանական կողմը հարվածներ էր իրականացրել իսրայելական տարածքում։ 10 օր անց հակամարտության մեջ էր մտել նաև Միացյալ Նահանգները՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Ի պատասխան ամերիկյան կողմի՝ Իրանը հարձակում էր իրականացրել Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմաբազայի՝ Կատարի Ալ-Ուդեյդի վրա։
Փոխադարձ հարվածներից հետո կողմերը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ էր մտել հունիսի 24-ին։
—00—ՄԱ