Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը մոտ ապագայում կսպառվեն․ Bild

06/07/2025 18:07 Միջազգային

Ուկրաինական ՀՕՊ համակարգերը մեկ կամ երկու շաբաթից կդադարեն գոյություն ունենալ առանց ամերիկյան հրթիռների, հաղորդում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով փորձագետին։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե քանի բալիստիկ հրթիռ կարձակեն ռուսները։ Մեծ թվով հարձակումների դեպքում Patriot PAC-3-ները կսպառվեն մեկ-երկու շաբաթվա ընթացքում», – ասել է ռազմական փորձագետ Թոմաս Թայները՝ հավելելով, որ առանց Patriot հրթիռների Ուկրաինայի ՀՕՊ-ը չի կարողանա կանխել հարձակումները։

Հուլիսի 2-ին ամերիկյան The New York Times թերթը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Patriot ՀՕՊ խափանող հրթիռների, GMLRS ճշգրիտ կառավարվող զինամթերքի, Hellfire կառավարվող հրթիռների, Stinger դյուրակիր հրթիռային համակարգերի և մի շարք այլ զենքերի մատակարարումը Ուկրաինային։

Հուլիսի 3-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի զենք մատակարարել, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել դրանք, հատկապես ՀՕՊ համակարգերի և դրանց համար նախատեսված հրթիռների առումով։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, բայց միևնույն ժամանակ ելնում է այն փաստից, որ Միացյալ Նահանգները ինքը զենքի կարիք ունի։

–00—ՅՄ