Իրանը կարող է արագ վերականգնել իսրայելական և ամերիկյան ռմբակոծությունների վնասները. Արաղչի

01/07/2025 11:52 Միջազգային

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին որպես ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայման է նշել Վաշինգտոնի կողմից ռազմական սպառնալիքների դադարեցումը, նաև հավելել՝ Իրանը կարող է վերականգնել միջուկային օբյեկտներին հասցված վնասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելու համար մենք նախ պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի վերադառնա բանակցությունների ընթացքում մեզ վրա ռազմական հարձակում իրականացնելուն», – ասել է նա՝ հավելելով, որ Իրանին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։

«Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի», – ասել է Արաղչին՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալ լրագրողի հարցին։

Արաղչին նաև մեկնաբանել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի այն հայտարարությունը, որ Իրանը կարող է մի քանի ամսվա ընթացքում վերսկսել իր միջուկային ծրագիրը։ «Ռմբակոծությունների միջոցով հնարավոր չէ ոչնչացնել հարստացման վերաբերյալ գիտելիքները և տեխնոլոգիաները։ Եթե մեր կողմից լինի կամք, իսկ այդ կամքը գոյություն ունի՝ ևս մեկ անգամ առաջընթաց գրանցելու այս արդյունաբերության մեջ, մենք կարող ենք արագորեն վերականգնել վնասները և լրացնել բաց թողած ժամանակը», – ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ Իրանը կրկին ռմբակոծելու մասին, եթե երկիրը կրկին սկսի հարստացնել ուրանը։ «12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք և ապացուցեցինք, որ կարող ենք պաշտպանվել, և կշարունակենք դա անել ցանկացած ագրեսիայի դեպքում», – ասել է Արաղչին։

–00—ՅՄ