ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ․ Լավրով

30/06/2025 11:25 Միջազգային

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, սակայն այս կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։

«Մենք շարունակում ենք Հայաստանին համարել այս կազմակերպության լիիրավ անդամ, սակայն, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում, այդ թվում՝ անդամավճարների վճարումը», – ասել է նախարարը։

Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներն ի գիտություն են ընդունել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը։

–00—ՅՄ