Սկսվել են F-35 կործանիչների ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները. Էրդողան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է նաև ամերիկյան արտադրության F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու հետ կապված հարցին։
«Տարածաշրջանում մեր գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Տեղի են ունեցել բանակցություններ նաև պարոն Թրամփի հետ»։
Էրդողանի փոխանցմամբ, տեխնիկական մակարդակով արդեն մեկնարկել են բանակցությունները։
Էրդողանը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը չի սահմանափակվում միայն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերով։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է կառուցել բազմաշերտ համակարգ, որտեղ տարբեր բարձրությունների համար նախատեսված հրթիռները պիտի գործեն համադրված՝ ինչպես մարդու մարմնի օրգանները։
«Մենք երկիրը բերել ենք որոշակի կետի, սակայն դրանով չենք բավարարվում։ Պետք է զարգացնենք մեր հրթիռային հնարավորությունները։ Կառուցում ենք մեր «Պողպատե գմբեթը» (Çelik Kubbe)՝ համակարգերի համակարգը»,– ասել է Էրդողանը։
Ermenihaber.am