Թրամփը հերքել է հրապարակումները, թե ԱՄՆ հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմքերը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան մի շարք լրատվամիջոցների, որոնք հետախուզության իրենց աղբյուրներին հղումով հայտնել էին, թե ամերիկյան ավիահարվածները չեն կարողացել վերացնել իրանական միջուկային ծրագրի առանքային բաղադրիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս թեմայի շուրջ գրառում է կատարել Truth Social հարթակում։
«Կեղծ լուրեր տարածող CNN-ը, ձախողված New York Times-ի հետ համատեղ, փորձել են նսեմացնել պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը։ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացված են», գրել է ԱՄՆ նախագահը։
CNN-ն, ամերիկյան հետախուզությանը հղում անելով, հայտարարել էր, որ հարստացված ուրանի պաշարները չեն վնասվել։ Այլ աղբյուրները հայտնել էին, որ ամերիկյան հարվածները չեն վերացրել միջուկային ծրագրի գլխավոր բաղադրիչները և ընդամենը մի քանի ամսով են հետաձգել միջուկային ծրագրի զարգացումը։
Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնության ձեռք բերման մասին։
–00—ՅՄ